Թամերլան Ցարնաեւի մարմնի երկրորդ դիահերձումը կկայանա մայիսի 5-ին։ Զոհվածի ընտանիքը հրավիրել է անկախ պաթալոգոանատոմի, փոխանցում է Life News-ը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ դատաբժշկական փորձագետները Ցարնաեւ-ավագի դիահերձման արդյունքում հայտարարել էին, որ Թամերլանի մահվան պատճառը «իրանի եւ վերջույթների հրազենային վերքերն ու գլխին ստացած բութ հարվածն է» եղել։
Նախօրեին կասկածյալի բարեկամները կասկածներ են հայտնել ԱՄՆ իշխանությունների կողմից իրականացված հետազոտության օբյեկտիվությանը՝ պահանջելով կրկնակի աուտոպսիա իրականացնել։
Մինչ այդ, թաղման բյուրոն, որը զբաղվում է Ցարնաեւի հուղարկավորության կազմակերպմամբ, ոչ մի կերպ չի կարողանում դրա համար հարմար վայր գտնել, քանի որ տեղի բնակիչները չեն ցանկանում իրենց հողում ահաբեկչի հուղարկավորել։ Ինչպես հայտարարել է Վուսթեր քաղաքի թաղման բյուրոյի տնօրեն Փիթեր Սթեֆանը, մայիսի 4-ին չի կարողացել գտնել որեւէ գերեզմանատուն, որտեղ կարող է իրականացվել Ցարնաեւի հուղարկավորության արարողությունը, սակայն համոզմունք է հայտնել, որ մինչեւ մայիսի 6-ը Բոստոնի մոտակայքում կգտնի դրա համար հարմար տեղ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ցարնաեւի բարեկամները ցանկացել են Թամերլանին թաղել Բոստոնի մերձակայքում գտնվող մահմեդական գերեզմանատանը։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, մայիսի 3-ին Թամերլան Ցարնաեւի դին հասցվել է Բոսթոնից 60 կմ հեռավորությամբ գնտվող Վուսթեր քաղաք։ Տասնյակ բնակիչներ բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով, որ Ցարնաեւի դին առհասարակ չամփոփվի ամերիկյան հողում։

























