Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում կհարուցվի քրեական գործ Երեւանի թիվ 7/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նա նշեց, որ անձը ներկայացել է տեղամաս, ստացել է քվեաթերթիկ, քվեարկել է, եւ երբ արդեն քվեաթերթիկը պետք է գցեր քվեատուփը, հանձնաժողովի անդամը նկատել է, որ նրա անձնագրում արդեն կա դրոշմակնիք, նա մասնակցել էր քվեարկությանը: «Պարզվել է, որ նա ոչ միայն արդեն մի անգամ քվեարկել է, այլեւ իրավունք չուներ քվեարկել, որովհետեւ Արագածոտն մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ է»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Մեր տեղեկություններով` վերջինս քվեարկել էր «Օրինաց երկիր» կուսակցության օգտին: Այս առնչությամբ, ՕԵԿ-ի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց, թե որեւէ մեկը քվեարկել է ՕԵԿ-ի օգտին, այն էլ չլինելով Երեւանի բնակիչ:
Նշենք, որ մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունների առթիվ արդեն հարուցվել էր երկու քրեական գործ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 8/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ: Իսկ երկրորդ քրեական գործը հարուցվել էր Շենգավիթ վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ թիվ 11/32 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։



























