Ընտրությունների ընթացքը խայտառակ էր, իսկական դեժավյու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսկերպ գնահատեց Երեւանի ավագանու ընտրությունները «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար, «Բարեւ, Երեւան» դաշինքի թեկնածու Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով անցած ընտրությունների ընթացքը:
«Նախագահական ընտրություններին ժողովուրդը բնականոն հոսքով, առանց խցկոցների եկավ եւ այն ժամանակ ազտ կամարտահայտման համար ավելի լավ պայմաններ կային, այլ հարց է, թե ինչպես հաշվարկվեցին: Իսկ այժմ անգամ մենք ուղղակի խորհրդարանական ընտրությունների կրկնություն ունեցանք, երբ իրար հերթ չտալով, խմբերով, երթուղայիններով, ջիփերով, ամեն տեսակի տանսպորտով ուղղակի մարդկանց բերում էին, եւ ուղղորդում: Քվեարկություն, որը վերահսկելի էր իշխանության համար, եւ անվերահսկելի հանձնաժողովի անդամների, ընդդիմության համար»,- նշեց նա:
Հարցին` արդյոք բողոքարկելու են ընտրությունները, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ես ճիշտն ասած, դեռ չեմ տիրապետում ընտրությունների ամբողջ արդյունքներին, գիտեմ 1-ին եւ 2-րդ ընտրատարածքների արդյունքները, որոնք, իհարկե, տխրեցնող են, որոնք մեզ նույնպես մտածելու առիթ պիտի տան»:
Ըստ Սաֆարյանի` այս ընտրությունները իշխանական դաշտի ողբերգությունն էին: «Երբ տեսնում ենք, որ տասնյակ հազարավոր անձանց իջեցվում է հրահանգ ցուցակ ներկայացնելու, համատիրություններին իջեցվում է ցուցակ այսքան թվով ընտրողներ ներկայացնելու, մարզպետերին եւ այլն: Այդ ամենը տեսնելով` հասկանում ես, որ իշխանությունը մառազմի մեջ է: Մյուս կողմից չես կարող չընդունել, որ ընդդիմությունն էլ իր ողբերգությունն ունի, եւ շատ ցավալի էր տեսնել, որ ասենք ԲՀԿ-ն հանձնաժողովից դուրս խաղում էր Հանրապետականի կանոններով, իսկ հանձնաժողովում փորձում էր ընդդիմության կանոններով խաղալ»,- ասաց նա եւ հավելեց. «Շատ տխուր տեսարան էր: Ստացվեց այնպես, որ ընտրական պրոցեսը տեղափոխվեց հանձնաժողովներից դուրս, ընտրողի նկատմամբ տեռորը իրականացվեց հանձնաժողովից դուրս, հանձնաժողովներում այս կամ այն չափով պահվեց առանձին եղանակով բերված ձայներ»:
Հարցին, արդյոք սխալ չէր, որ «Բարեւ, Երեւան» դաշինքի ընտրացուցակը չգլխավորեց Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե դա որեւէ բան փոխելու էր: Այստեղ դաշինքի խնդիր չէր: Մասնակից ուժերից երկուսը, որոնք ամենամեծ ռեսուրսներն ունեին, խաղում էին խաղի նույն կանոններով, իսկ ընդդիմությունն այստեղ կանխավ պարտված է: Որքան ուզում ես գաղափար քարոզի, որքան էլ քաղաքական կապիտալդ լինի լավը, այլ ապրանքի պահանջարկ կա»:
Որպես օրինակ նա հիշեցրեց Ավանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները: «Համեմատություն անցկացնենք, թիվ 1 ընտրատարածքում ԱԺ ամենաակտիվ պատգամավորս պարտվեցի ամենապասիվ պատգամավորին, պարտվեցի բացարձակ անհայտ պաստառի: Այս անգամ էլ քաղաքական դեմքերը պարտվեցին մեկին, ով քարոզչություն չարեց, խուսափեց բանավեճերից, գործում էր բացարձակ այլ հարթությունում: Այստեղ ծիծաղելի կլինի, եթե ասվի, թե սա Տարոն Մարգարյանի կամ հանրապետականի ահղթանակն է, սա փողի եւ պետական լծակների հերթական հաղթանակն էր ժողովրդի նկատմամբ»,- ամփոփեց Ստեփան Սաֆարյանը:




























