Ղրղըզստանի հյուսիսում ԿՍ-135 օդանավի վթարից զոհված ամերիկացի օդաչուներից մեկը կին է՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կապիտան: Տարանցիկ փոխադրումների ամերիկյան «Մանաս» կենտրոնը հրապարակել է անձնակազմի զոհված անդամների անունները.
Կապիտան Մարկ Տ. Վոսս՝ 27 տարեկան, ծնված Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգսում,
Կապիտան Վիկտորյա Ա. Փիքնի, ծնված Քալիֆորնիա նահանգի Փալմդեյլում,
Տեխնիկ-սերժանտ Հերման Մակի III, 30 տարեկան, ծնված Քալիֆորնիա նահանգի Բեյքերսֆիլդում:
Զինծառայողները Վաշինգտոնի Ֆեյրչայլդի կայանի ռազմաօդային ուժերի 92-րդ ավիաջոկատի անդամներ էին:
Ամերիկյան օդանավի վթարի վայրում շարունակվում են ինքնաթիռի ձայնագրիչների եւ անձնկազմի մյուս անդամի մնացորդների որոնումները, հայտնում է vesti.ru-ն:
ԿՍ-135 օդանավը վթարի էր ենթարկվել մայիսի 3-ին` Բիշքեքի Մանաս օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Դրա բեկորները հայտնաբերվել էին Ղրղըզստանի մայրաքաղաքից մոտ 80 կմ արեւմուտքում` Ղազախստանին սահմանակից Չոլոկ Արիկ եւ Չորգոլու գյուղերի մերձակայքում:

























