Բոսթոնի մերձակայքում գտնվող Վուսթեր քաղաքի ակտիվիստ Ուիլյամ Տ. Բրեոլթը մտադիր է միջոցներ հավաքել Թամերլան Ցարնաեւի դին հայրենիք ուղարկելու համար: Ինչպես գրում է  Worcester Telegram & Gazette-ը, համապատասխան հիմնադրամի ստեղծման մասին կհայտարարվի մայիսի 6-ին: Առաջին ներդրումը` մոտ 500 դոլար, կատարել է ինքը Բրեոլթը:

Բրեոլթը կապվել է Վուսթերի 2 թաղման ծառայությունների ղեկավարների հետ եւ պարզել Ցարնաեւի մարմնի տեղափոխման գինը: Ենթադրվում է նրա մարմինն ուղարկել կամ Ցարնաեւների հայրենիք Ղրղըզստան, կամ ռուսական Դաղստան, որտեղ ներկայումս բնակվում են նրանց ծնողները: Ըստ նախնական գնահատականների տեղափոխման համար կպահանջվի 3-7 հազար դոլար, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Ես դա չեմ դիտարկում որպես օգնություն նրա ընտանիքին: Ես համարում եմ, որ օգնում եմ Բոսթոնի եւ Վուդսթերի բնակիչներին՝ հաղթահարել այդ խնդիրը»,-հայտարարել է Բրեոլթը: Նա նաեւ հավելել է, որ իրենք չեն ցանկանում, որպեսզի Ցարնաեւը հուղարկավորվի Բոսթոնում եւ, առհասարակ, ամերիկյան հողում:

Ինչպես փոխանցում է «ԱիՖ-ը», Թամերլան Ցարնաեւի մարմնի կրկնակի դիահերձում կարող է չիրականացվել :Ավելի վաղ հաղորդվել էր, որ նման պահանջ էին ներկայացրել հանգուցյալի բարեկամները, քանի որ չեն վստահում մահվան պաշտոնական վարկածին:

Հիշեցնենք, որ Վուդսթերի թաղման բյուրոն ոչ մի կերպ չի կարողանում տեղ գտնել Թամերլան Ցարնաեւի հուղարկավորության համար, քանի որ դրան դեմ են հանդես գալիս տեղի բնակիչները: