Մայիսի 5-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ամփոփվել են կարճամետրաժ ֆիլմերի «Հայացք» երիտասարդական փառատոնի արդյունքները, տեղի է ունեցել մրցանակաբաշխություն։ Փառատոնի փակման արարողությունն ուղեկցվել է համերգային ծրագրով. ելույթ է ունեցել «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խումբը։
«Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ Մայիսի 1-5-ը տեւած կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել են 25 կարճամետրաժ ֆիլմեր, մասնակցության համար դիմել էին շուրջ 70 երիտասարդներ։
Ֆիլմերի ընտրությունը կատարել է պրոֆեսիոնալ ժյուրին՝ ի դեմս ռեժիսոր Վ. Գեւորգովի, կինոռեժիսոր Ա. Գեւորգյանի, օպերատոր Ս. Բաբասյանի, կինոքննադատ Ր. Մովսիսյանի: Ժյուրիի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Անետա Երզնկյանը:
«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի ժյուրին մրցանակներ է շնորհել 4 անվանակարգում։ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Յուրի Մուղդուսյանի «Իրականության պաթոս» ֆիլմը։ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի հաղթողն էր Խանե Պողոսյանի «Մեծ աշխարհի իմ անկյունը» ֆիլմը։ Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ է ստացել Ալբերտ Սարգսյանի «Վաղ գարուն» ֆիլմը։ Իսկ ահա «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առաջինն Արտյոմ Բարխուդարյանի «Արթնացիր, Մար» կինոնկարն էր։
Մրցանակներ են շնորհել նաեւ կինոփառատոնի հատուկ գործընկերներ «Լաբարնա» («Labarna») հուշանվերների, «Արվեստի աշխարհ» («Art World») խանութ սրահները։ Հայաստանի երիտասարդական հինմնադրամը կինոփառատոնի բոլոր հաղթողներին Ծաղկաձորում հանգստանալու ուղեգրեր է նվիրել։
Ժյուրիի նախագահ Անետա Երզնկյանը բարձր է գնահատել երիտասարդական այս նախաձեռնությունը։ «Փառատոները ոչ միայն տոն են, այլեւ որոշակի հաշվետվություն, հնարավորություն շփվելու միմյանց հետ, ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու։ Փառատոնը ստացվեց, ինչի համար շնորհավորում եմ թե′ կազմակերպիչներին, թե′ մասնակիցներին»,- ասել է Անեստա Երզնկյանը։




























