Երեւանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանի համար սպասելի չէին ընտրությունների նման արդյունքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զոյա Թադեւոսյանը` շեշտելով, որ սպասելի չէր այնքանով, որքանով նախագահական ընտրություններից հետո կար դժգոհությունների մեծ ալիք, արտագաղթ: «Ես կարծում էի մարդկանց մեջ ինչ-որ տեղ արժանապատվությունը ցավում է, եւ այդ ցավացող արժանապատվության համար պետք էր ուղղակի մերժել հանցագործներին: Բայց փաստորեն չի ցավում կամ արժանապատվությունն ինչ-որ գումար արժի, երբ գումարը կա, արժանապատվությունը դառնում է երկրորդական»,- ասաց ՀԱԿ անդամը:
Նա նշեց, որ թող արդյունքները ժողովուրդը գնահատի, եթե իրենց դրանք դուր են գալիս, ուզում են ապրել այս երկրում այս պայմաններում, ուրեմն` շատ լավ է: Դիտարկմանը, թե հիասթափված եք ժողովրդից, նա նշեց, որ «ոչ, բոլորովին արդեն տարիներ շարունակ գիտեն, թե ինչ են անում, դժգոհում են, դժգոհում են, 10 հազարով, 15 հազարով իրենց գոյությունը վաճառում են, եթե դա է իրենց դժգոհության գինը, շնորհավորում եմ»: Զոյա Թադեւոսյանի խոսքով` ամեն ինչ նորմալ է, ինքը ընդունում է, որ դեռ մենք հասունացած չենք նորմալ հասարակարգում ապրելու համար: ՀԱԿ ներկայացուցիչը չգիտի, թե իրենք քանի իրական ձայն ունեն, դա իմանալու համար, նրա խոսքով, անհրաժեշտ է պայքարել եւ նորմալ ընտրություններ կազմակերպել:
Հարցին, թե Կոնգրեսի մեղավորությունը չեք տեսնում այդքան քիչ ձայներ հավաքելու մեջ, նա պատասխանեց, որ «եթե մարդիկ փող են վերցնում եւ գնում քվեարկում, Կոնգրեսի մեղավորությունը ո՞րն է, Կոնգրե՞սն է երկրի իշխանության տերը, Կոնգրե՞սն է որոշում հասարակության արժանապատվություննն ինչ տեղում պետք է գտնվի, ուրեմն ստացվում է, որ գողը մեղավոր չէ, գողին բռնել չկարողացողն է մեղավոր»:
Իսկ թե ինչպես է նա վերաբերում այն հանգամանքին, որ իրենց այլընտրանքային գործընկեր ԲՀԿ-ն, ում հետ մեծ հույսեր էին կապում, ըստ ահազանգերի` եւս ընտրակաշառքներ էր բաժանում, Զոյա Թադեւոսյանը նկատեց. «Ես որեւէ մեկ կեղծարարի, կաշառք բաժանողի ոչ արդարացնում եմ, ոչ էլ գովերգում եմ, երբեւէ այդպես չեմ էլ արել, գոյություն ունեն իրավապահ մարմիններ, որոնց պարտականությունն է դա անելու, գտնելու նման հանցագործ արարքներ իրականացնողներ եւ պատժելու օրենքով սահմանված կարգով: Ես դա չեմ կարողանում անել, իմ հնարավորությունները դա թույլ չեն տալիս, թող դա անեն իրավապահ մարմինները եւ փաստերը ներկայացնեն հանրությանը, նաեւ ինձ ու ես իմ գնահատականները կտամ: Արդյունքը տեսանք `21 տոկոս, եթե բաժանել են, ինչո՞ւ չհաղթեց, էս ժողովրդի համար տարբերություն կա ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի փողի միջեւ, մեծ տոկոս պետք է հավաքեր չէ՞, ինչո՞ւ չհաղթեց: Ես չեմ բաժանել, ազնիվ պայքարել եմ, եթե հասարակությունը ազնիվ պայքարողին մերժում է փող բաժանողին է ձայն տալիս, գնացեք խոսեք ժողովրդի հետ, ինչու այդպես արեցին, ես ի՞նչ կարող եմ ասել»
Իսկ թե ինչպես է վերաբերում, որ «Բարեւ Երեւան» դաշինքը ՀԱԿ-ից կրկնակի շատ ձայն է ստացել, ավագանու թեկնածուն ասաց, որ «շատ լավ է, որ հավաքել է, նորմալ է, շնորհավորում եմ, ինչ վատ է, ես կուզեի բոլոր ընդդիմադիր ուժերն էլ հավաքեին»:
Կլինեն հետընտրական զարգացումներ ՀԱԿ-ից կողմից, թե ոչ, նա չգիտեր: «Ես ոչ մի բան չեմ ուզում անել, ինչ արեցինք, արեցինք, վերջ, պրծանք»,- ասաց Զոյա Թադեւոսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























