Բանգլադեշում ոստիկանության եւ արմատական իսլամիստների միջեւ բախման հետեւանքով զոհվել է 22 մարդ: Իսլամիստների ցույցը, որին մասնակցել է 200 հազար մարդ, տեղի է ունեցել մայիսի 5-ին Դաքքիում: 

Մասնակիցները պահանջել են ձերբակալել աթեիստ բլոգերներին եւ պատժել բոլոր նրանց, ովքեր, ըստ իրենց, անարգում են իսլամը: Ցույցը վերաճել է զանգվածային անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների: 

Ըստ տեղական լրատվամիջոցների` վեց մարդ զոհվել է գլխի հրազենային վնասվածքներից: Ոստիկանությունը պնդում է, որ ցույցը ցրելիս կիրառվել են միայն ռետինե փամփուշտներ, սակայն ականատեսները հայտարարում են, որ ոստիկանները մարտական փամփուշտներ են կիրառել, հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը:

Վերջին ամիսներին  Բանգլադեշում իրադրությունը սրվել է երկրի խոշորագույն իսլամական «Ջամահաթ-ի-Իսլամի» կուսակցության առաջնորդների  դատավարության հետ կապված: Նրանց մեղադրում են 1971թ. Պակիստանից Բանգլադեշի անկախացման համար մղվող պայքարի ընթացքում ռազմական հանցագործություններ կատարելու համար:  Փետրվարի 28-ին «Ջամահաթ-ի-Իսլամի» կուսակցության փոխնախագահ Դելվար Հոսեյն Սայեդի մահվան դատավճիռը կայացնելուց հետո տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել էր մոտ  90 մարդ: