Գեղարքունիքի մարզում` Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին, այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 10:00-ի սահմաններում, բախվել են «ՎԱԶ-2106» եւ Volkswagen մակնիշի մեքենաները:
Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառի» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տուժողներից մեկը ամբուլատոր բուժօգնություն է ստացել եւ դուրս գրվել հիվանդանոցից: Մյուս տուժողը` 64-ամյա Ելիզավետա Բադալյանը, հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է: Աշոտ Կարապետյանի խոսքով` նա մահամերձ վիճակում էր, առկա էր գանգուղեղային տրավմա, համակցված վնասվածքներ, նույնիսկ չեն հասցրել հետազոտել, որովհետեւ հիվանդանոց տեղափոխելուց 5 րոպե անց մահացել է: Հիվանդանոցում այժմ գտնվում է նրա քույրը՝ 60-ամյա Տաթեւիկ Բադալյանը, ում վիճակը նորմալ է:


























