Մյունխենում, այսօր՝ մայիսի 6-ին, սկսվել է նեոնացիստական NSU (Նացիոնալ-սոցիալիստական ընդհատակ) խմբավորման գործով դատաքննությունը, որի անդամներն սպանել են 10 մարդու՝ հիմնականում Թուրքիայից ներգաղթյալների: Դատական նիստերի ժամանակ կարգուկանոնը պահպանում են մոտ 500 ոստիկաններ:
Դատական նիստից առաջ Գերմանիայի թուրքական համայնքը ակցիաներ են կազմակերպել: Թուրք քաղաքական գործիչները դատաքննությանը կմասնակցեն որպես դիտորդ: Դատարանի շենքի դիմաց բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ երկու թուրք ակտիվիստների միջեւ: Երբ նրանց ոստիկանները հեռացրել են, նրանք վանկարկել են. «Գերմանացի ոստիկանները ֆաշիստների հանցակիցներ են», հաղորդում է Lenta.ru-ն:
Այդ գործով դատաքննությունն սկսվել է դեռեւս երեք շաբաթ առաջ, սակայն հետաձգվել է Սահմանադրական դատարանի պահանջով: Դատարան էին դիմել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր չէին հասցրել հավատարմագրվել դատական նիստերը լուսաբանելու համար:
Գործի գլխավոր մասնակիցը NSU-ի ակտիվ անդամ 38-ամյա Բեաթա Չեպեն է: Նրան մեղադրում են Թուրքիայից եւ Հունաստանից 9 ներգաղթյալի սպանությանը մասնակից լինելու, գերմանացի կին ոստիկանի սպանության, երկու պայթյունի եւ բանկերի բազմաթիվ կողոպուտների մեջ: Նա մինչ օրս հրաժարվում է ցուցմունք տալ: Խմբավորման երկու այլ անդամներ` Ուվե Մունդլոսն ու Ուվե Բենհարդտը ձերբակալությունից խուսափելու համար ինքնասպան են եղել 2011 թվականի նոյեմբերին:
Բեաթա Չեպեից բացի, մեղադրյալի աթոռին են նստած նաեւ Գերմանիայի ազգային-դեմոկրատական կուսակցության երկու նախկին անդամներ` 37-ամյա Ռալֆ Վոլեբենը եւ 33-ամյա Քարսթեն Ս.-ն: Հետաքննության տվյալներով` նրանք նեոնացիստներին զենք են մատակարարել: 33-ամյա Անդրե Է.-ին մեղադրում են NSU-ի կողմից կազմակերպված Քելնի պայությունին մասնակից լինելու եւ բանկերի կողոպուտների մեջ: 38-ամյա Հոլգեր Գ.-ն հանցագործներին կեղծ փաստաթղթեր է տրամադրել:


























