Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրավերով պաշտոնական այցով մայիսի 7-9 ը Երեւան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Վերահսկիչ պալատի նախագահ դոկտոր Հարիբ ԱԼ Ամինի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել hամագործակցության պայմանագիր: Պատվիրակությունը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Մադենադարան :
Հայաստանի եւ ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինների շփումներն ակտիվացել են վերջին երկու տարիների ընթացքում: 2011 թվականին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի Աբու Դաբի կատարած պաշտոնական այցի ընթացքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել ակտիվացնել երկխոսությունն ու զարգացնել համագործակցությունը:
Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բարձրագույն վերահսկիչ մարինը ստեղծվել է 1971 թ.-ին:
ԱՄԷ գերագույն ղեկավարությունը վերահսկիչ կառույցի առջեւ դրել է հստակ խնդիր` լինել աշխարհի լավագույն վերահսկիչ մարմինների տասնյակում:
ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինը 2007 թվականից ղեկավարում է դոկտոր Հարիբ Ալ Ամինին: Վերջինս նշանակվել է ԱՄԷ Դաշնային խորհրդի կողմից` անժամկետ:
Հարիբ Ալ Ամինին ԱՄԷ-ում հայտնի է որպես հաջողված պետական բարձրաստիճան պաշտոնյա: Տնտեսագիտության դոկտոր է եւ ունի նախարարի կարգավիճակ: Մինչ նշանակումը ավելի քան 25 տարի ծառայել է Զինված ուժերում, որից հետո աշխատել է նաեւ ԱՄԷ Նախագահի աշխատակազմում:
Բոլոր պետական մարմիններն ու կազմակերպությունները եւ նույնիսկ մասնավոր ընկերությունները, որոնցում Էմիրություններն ունի 25% մասնաբաժին, Վերահսկիչ մարմնի կողմից պարտադիր կարգով յուրաքանչյուր տարի ստուգվում են: Չկա որեւէ պետական նշանակության հաշվետվություն, որը չուսումնասիրվի եւ չհամաձայնեցվի վերահսկիչ մարմնի կողմից:
Դոկտոր Հարիբի ղեկավարման ընթացքում ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմնի աշխատանքը դարձել է առավել արդյունավետ եւ ժամանակակից, մասնավոապես` տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ վերահսկողությունն իրականացվում է «առանց թուղթ» ռեժիմի: Առհասարակ, միջազգային լավագույն փորձը հմտորեն ներդրվում եւ զարգացվում է, աշխատակազմը հագեցած է միջազգային կարգի մասնագետներով:
Էմիրությունների փորձն ուսանելի է տեղեկատվական տեխնոլոգիաների վերահսկողության բնագավառում: Պետական հատվածում ահռելի գումարներ են ծախսվում էլեկտրոնային կառավարման համակարգերի ձեւավորման եւ զարգացման նպատակով. այդ առումով ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինը հաջողությամբ կարողանում է ուսումնասիրել այդ ծրագրերի ամբողջականությունն ու արդյունավետությունը:
Ուշագրավ է նաեւ այն, որ ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինը ֆինանսական խախտում հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով կարողանում է վերահսկվող օբյեկտի համապատասխան ներկայացուցչին ենթարկել պատասխանատվության` նշանակելով նախազգուշացում, նկատողություն, օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում, զբաղեցրած պաշտոնից ազատում, պաշտոնի իջեցում մեկ աստիճանով, այլ իրավունքներից զրկում:
ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինն ունի ակնհայտ ֆինանսական անկախություն գործադիր իշխանությունից, մասնավորապես վերահսկիչ մարմնի նախագահը կառույցի տարեկան բյուջեի նախագիծն ի սկզբանե համաձայնեցնում է Ազգային խորհրդի հետ, որից հետո գործադիր իշխանությունն այդ նախագիծն առանց կրճատելու կամ փոփոխություն կատարելու հնարավորության պարզապես ներառում է պետական բյուջեում:
Կառույցը Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային, արաբական եւ ասիական կազմակերպությունների (INTOSAI, ARABOSAI, ASSOSAI) բավականին ակտիվ անդամ է եւ պատրաստվում է 2016-2019թթ. ժամանակահատվածում նախագահել Բարձրագույն վերահսկիչ մարմինների համաշխարհային կազմակերպությունը:



























