Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում, որտեղ նախատեսվում է ընդդիմության հանրահավաք, բանվոր է մահացել: Նա մնացել է մոնտաժման ժամանակ պոկված սյան տակ: Ինչպես մանրամասնել է օրինապահ մարմինների աղբյուրը, մահացածը 25 տարեկան էր, փոխանցում է ՎԶԳԼՅԱԴ-ը:
Ինչպես փոխանցում է ՆՏՎ-ն, բանվորը, ով Բոլոտնայա հրապարակում ընդդիմության համար մասնակցում էր բեմի պատրաստման աշխատանքներին, համապատասխան որակավորում եւ նմանատիպ աշխատանքներին մասնակցելու թույլատվություն չի ունեցել, ուստի միջոցառման կազմակերպիչների քրեական հետապնդումը չի բացառվում: Ինչպես լրատվամիջոցներն են հաղորդում, Մաքսիմ Մալկինն ակտիվիստ էր եւ մտադիր էր մասնակցել ընդդիմության ակցիային:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Բոլոտնայա հրապարակում նախատեսվող հանրահավաքը կարող է չկայանալ` կամավորի մահվան պատճառով: Տարածաշրջանային անվտանգության բաժնի ղեկավարի խոսքով հանրահավաքը կարող է չեղյալ համարվել այն դեպքում, եթե դեպքի վայրում աշխատող հետաքննությունը պնդի դա:
Ընդդիմադիրները ծրագրում են հանրահավաք կազմակերպել 2012թ մայիսի 6-ի դեպքերի տարելիցի օրը` իրենց աջակցությունը հայտնելու եւ պահանջելու այդ օրը ձերբակալված ակտիվիստների ազատությունը:


























