Երեւանի ավագանու ընտրություններով իշխանական մենաշնորհն ավելի կարծրացավ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը:

Հայտարարությունում ասվում է.

«Մայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝  նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել:

Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք:

Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երեւանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ:

Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության եւ իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:

Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլեւս երկիրն ու Երեւանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն: Կսպասենք արդյունքներին,  թեեւ դրանք մեզ համար կանխատեսելի են:

Ցավոք, այս անգամ էլ մեզ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձեւավորել:

Մենք շնորհակալ ենք Դաշնակցությանը ձայն տված երեւանցիներին: Վստահ եղեք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժեքը:

Եվ նրանց, եւ բոլոր երեւանցիներին, եւ Հայաստանի քաղաքացիներին  մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրյա աշխատանքը հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության եւ բարեկեցության»: