Քաղաքական պայքարի «լատինաամերիկյան» սցենարը Հայաստանում սպառել է իրեն: Նման կարծիք մայիսի 6-ին լրագրողներին է հայտնել Կովկաս Ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նոր իրականություն, որը տիրում է իրար հետեւած 3 ընտրություններին` խորհրդարանական, նախագահական եւ Երեւանի ավագանու, այլ բան  է թելադրում. ընտրությունից ընտրություն աշխատելն արդյունավետ չէ: «Հաջողության հավակնելու համար, կուսակցությունները պետք է աշխատեն ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ` տարիներով: Տեսանկյուն արտահայտել, փորձել կյանքի կոչել իրենց ծրագրերը, որոնցով ներկայացել են ընտրազանգվածին: Համապատասխանաբար, դա հասցնել հասարակությանը: Խնդիրն այն է, որ պայքարի համար ռեսուրսներ` ֆինանսական, կազմակերպչական, մարդկային, բացի իշխող կուսակցությունից, մյուս կուսակցությունները չունեն»,-մանրամասնել է Իսկանդարյանը, հավելելով. ուստի շուտափույթ հաղթանակի հույս ունենալ եւ նեղանալ առանց դրան հասնելու, պրագմատիկ չէ:

«Իհարկե, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են ավագանիում համագործակցել ԲՀԿ-ն եւ «Բարեւ Երեւանը»: Սակայն անգամ փոքրամասնություն կազմելով` նրանք իրենց հռչակին հասնելու միայն մեկ միջոց ունեն` բարձրացնել իրենց ձայնը, ընդ որում ոչ միայն առիթից առիթ, այլ ամեն օր»,-ասել է փորձագետը:

Նույնը վերաբերում է նաեւ Ազգային ժողովին` առայժմ այնտեղ չի նկատվում ընդդիմության էական համագործակցություն. «Իրենց առաջարկություններն առաջ քաշել, իշխանության հետ փաստերի լեզվով խոսել, այլ ոչ թե հանդիմանությունների, ավելի բարդ ուղի է, սակայն երկարատաեւ գործունեության դեպքում` ավելի արդյունավետ: Արդյոք այդ կերպ կվարվի ընդդիմությունը, մնում է միայն սպասել»: