Հայաստանի Հանրապետությունը 112 հազ. եվրո կհատկացնի 19 անձանց՝ «Խաչատրյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2012 թ. նոյեմբերի 27-ի վճիռն իրականացնելու համար:

Գումարներ հատկացնելու մասին որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության մայիսի 8-ի նիստի օրակարգում;

Յուրաքանչյուր դիմումատու կստանա 6 հազ. եվրո, բացի այդ՝ 10 հազ. եվրոն դատարանի ծախսերն են:

Նշենք, որ դիմումատուները «Եհովայի վկա» կազմակերպության անդամներ են: Նրանք 2004 թ. զինվորական ծառայության փոխարեն անցել են այլընտրանքային ծառայության հիվանդանոցներում, դիսպանսերներում: Մեկ տարի անց հրաժարվել են այլընտրանքային ծառայությունից՝ բանակի վերահսկողության տակ գտնվելու պատճառաբանությամբ: Մի քանի ամիս կալանքի տակ գտվելուց հետո նրանց դեմ հարուցվել է քրեական գործ` ծառայության հաստատություններն ինքնակամ լքելու համար, որը հետագայում կարճվել է:

Սակայն Եհովայի վկաները բողոքարկում են ձեռբակալության մասին որոշումը, համարելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաեւ 5-րդ մասով սահմանված` անօրինական կալանքի համար փոխհատուցման իրավունքը: Նրանք պահանջել են փոխհատուցում՝ անօրինական կալանքի դիմաց: