Ընտրողներն ընտրակաշառք են վերցրել ոչ միայն իրենց մեղքով, դրանում նաեւ ընդդիմադիր կուսակցությունների մեղքը կա, որոնք ոչ միայն չմիավորեցին իրենց ուժերը, այլեւ միմյանց դեմ դուրս եկան, եւ ժողովուրդը հիասթափվեց։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Ընդդիմությունը մասնատված էր, իշխանությունից առանձնացած կուսակցությունը պայքարում էր ընդդիմադիր կուսակցությունների դեմ։ Ժողովուրդը կորցրել է հավատն ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ եւ որոշեց պատժել ընդդիմությանը։ Դրանից բացի, իշխանությունն ապացուցեց, որ ի վիճակի չէ նորմալ ընտրություններ անցկացնելու, եւ չարժե սպասել, որ կաշառք չի լինի, վարչական ռեսուրսներ չեն կիրառվի։ Նրանք իրենք են հայտարարում, որ այդպիսին էլ կմնան», - նշել է Մարտիրոսյանը։ Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ Երեւանի ավագանու ընտրություններին իշխող ՀՀԿ-ի հաղթանակն անօրինական գործողությունների արդյունք է։