Երեւանի ավագանու ընտրությունները Հայաստանի քաղաքական կյանքում ոչ մի էական փոփոխություն չբերեցին, դրական փոփոխության նույնիսկ հույս էլ պետք չէ ունենալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Արկադի Վարդանյանն՝ անդրադառնալով մայիսի 5-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններին:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ կրճատվում է բնակչության թվաքանակը, եւ զուգահեռաբար կրճատվում է ժողովրդի ընդդիմադիր պոտենցիալը։ «Ժողովուրդն իշխանությանն ինչ-որ չափով թույլ է հակազդում ընդդիմության ոչ նպատաուղղված քաղաքականության պատճառով», - նշել է Արկադի Վարդանյանը, ընդգծելով, որ այդ մասին վկայում է այն փաստը, որ նախագահական ընտրություններին ժողովուրդն իր ձայնը տվեց ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ քվեարկեց համակարգի դեմ։ «Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես համազգային ընդդիմադիր առաջնորդ, ցավոք, չկարողացավ կայանալ», - ասել է քաղաքագետը։

Արկադի Վարդանյանի համոզմամբ՝ հայկական իրականության մեջ ընտրություններ որպես այդպիսին գոյություն չունեն, դրանց արդյունքները միշտ  ձեւավորվում են նախագահի աշխատակազմում։ «Ինձ համար ի սկզբանե պարզ էր, որ ընտրություններին կհաղթի Տարոն Մարգարյանը, սակայն այդ հաղթանակն, իհարկե, պետք է չակերտների մեջ վերցնել», - նկատել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանում ցանկացած ընտրություն ձեւական բնույթ է կրում, եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը քաղաքացիական պայքարն է։