Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն, այսօր՝ մայիսի 7-ին, Հայաստանի մարզպետների հետ քննարկել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների, հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. չորս ամիսների ցուցանիշները: Նշվել է, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95,4 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 14 տոկոսով: Ա. Գեւորգյանը  կարեւորել է այդ ուղղությամբ տարվա ընթացքում մշտական հետեւողական աշխատանքի իրականացումը եւ մարզպետներին  առաջարկեց հարցն ուշադրության կենտրոնում պահել:  

Ա. Գեւորգյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել նաեւ աղբահանության խնդիրների եւ հատկապես ճանապարհամերձ  հատվածների մաքրության վրա` առաջարկելով համայնքապետերին հորդորել պատշաճ կերպով կատարել իրենց պարտավորությունները:    

Քննարկվել են նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ  ծրագրի իրականացման ընթացքի, ուսումնական տարվա ավարտի հետ կապված եւ մի շարք այլ հարցեր: