Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ է ժամանել ՀՀԿ առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մասնակցելու համար կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստին:
Այսօր՝ ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի համատեղ նիստում պետք է քննարկվի կառավարության ձեւավորման հարցը: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին կառավարությունը հրաժարական էր տվել:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է ժամանել նաեւ Սերժ Սարգսյանի խորհրդական, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, ով ըստ NEWS.am-ի հավաստի տեղեկությունների նշանակվելու է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Նա ՀՀԿ է եկել Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հետ։
Ի դեպ, այսօր ողջ օրվա ընթացքում ոչ Յուրի Վարդանյանը, ոչ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին:




























