Իրկուտսկի մարզում Մի-8 ուղղաթիռի վթարի վայրում ԱԻՆ փրկարարները հետախուզել են 250 քմ տարածք: Մարմինների 50 կենսաբանական հատվածներ են գտնվել,  ուղղաթիռի 15 բեկորներ:

Որոնումները բարդացնում է այն, որ վթարի վայրի մի մասում գետն է, որը հունից դուրս էր եկել հեղեղումների հետեւանքով, ինչպես նաեւ դրան հարակից անտառային տեղանքը: Ուղղաթիռի հատվածները ցրված են նվազագույնը 300 մետր շառավղով:

ԱԻՆ տվյալներով՝ որոնողափրկարարական եւ օպերատիվ-քննչական աշխատանքներին ներգրավված է 148 մարդ եւ ինը միավոր տեխնիկա. Երեք  Մի-8ուղղաթիռ, մեկ Մի-26, Ան-74 եւ Ան-24 օդանավեր,  օդային բարձիկով «Հիվուս» նավ, երկու մակույկ:

Զոհերի մարմինների հատվածները կնույնականացվեն փորձագիտական ուսումնասիրություններից հետո, այդ թվում՝ գենետիկ: Նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ: Քննությունը Մի-8-ի վթարի մի քանի վարկածներ է դիտարկում, այդ թվում՝ պայթյունը, գրում է  NEWSru.com-ը:

Հիշեցնենք, «Անգարա ավիաընկերություն» ԲԲԸ-ին պատկանող Մի-8 ուղղաթիռը վթարի էր ենթարկվել մայիսի 6-ին: Այն պլանային հակաջրհեղեղային միջոցառումներ էր իրականացնում, դրանում  1920 կգ պայթուցիկ նյութեր կային: