Վերջին 1 տարում Հայաստանն անցել է 3 խոշոր ընտրությունների միջով; Այդ մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀ նորանշանակ կառավարության առաջին նիստի բացման խոսքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների ադյունքում ձեւավորվեց ողջ քաղաքական դաշտը ներկայացնող խորհրդարան, որն արդեն դրսեւորել է իրեն որպես ուժեղ քաղաքական մարմին: Նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորվել է նոր մշակույթ; Իսկ մի քանի օր առաջ Երեւանի ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները եւս մեկ անգամ բարձրաձայնեցին, որ պահանջում են եւ պատրաստ են սատարել այն գործիչներին, որոնք օրնիբուն աշխատում են, ամեն օր մի բան են փոխում, եւ պրակտիկ աշխատանքը գերադասում են շոուներից:
«Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, եւ արդյունավետ աշխատելու համար որեւէ խոչընդոտ չեմ տեսնում: Ընդհակառակը՝ տեսնում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ, անցած տարիներին հիմքեր ենք նախապատրաստվել լավ առաջընթաց ունենալու համար; Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով, խիստ որոշակի արդյունքներով: Անցյալ տարի կառավարության առջեւ խնդիր դրվեց ապահովել նվազագույնը 7% տնտեական աճ, որը լուծվեց: Այս տարի էլ նույն խնդիրն է դրված, բայց ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության եւ սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ»,- ասաց Ս. Սարգսյանը:
Այդ ցուցիչներից են լինելու, մասնավորապես, աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը, ուռճացած պետական ապարատի օպտիմալացումը, կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումը: Ս. Սարգսյանը հաջողություն մաղթեց նոր կառավարությանը;
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, եւ հավաստիացրեց, որ կառավարությունն ամեն ինչ կանի երկրի նախագահի եւ քաղաքացիների սպասոմներն արդարացնելու համար:



























