Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մոնիթորինգի են ենթարկվել 5 առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները: Այս մասին մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի գիտաշխատող Տաթեւ Սարգսյանը:

«Առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները` NEWS.am-ը, 1in.am-ը, Tert.am-ը, Slaq.am-ը, Asekose.am-ը, որոշվել են  Circle.am-ի եւ Alexa.com-ի տվյալների միջոցով, ընդ որում ուշադրություն է դարձվել միայն լրատվամիջոցների հայալեզու ընթերցողների քանակին: Թեեւ BlogNews.am-ը եւ MediaMall.am-ը նույնպես բարձր վարկանիշ ունեն, բայց առաջինը բլոգ է, իսկ  MediaMall.am-ը չունի սեփական նյութեր եւ դրանք վերցնում է այլ ինտերնետային լրատվամիջոցներից»,-ասել է Սարգսյանը:

Նա նաեւ հաղորդել է, որ մշակվել են մոտ 15 000 նյութեր, որոնք վերաբերում են ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավին: Ընդհանուր առմամբ, Սարգսյանի խոսքով, 5 էլեկտրոնային լրատվամիջոցներ նախընտրական քարոզարշավը բավականին նման են ներկայացրել` իրենց նյութերում այս կամ այն կերպ քննադատելով իշխանությանը. «Եղել են նաեւ նյութեր, որտեղ անդրադարձ է կատարվել Ընտրական օրենսգրքի խախտումներին, ընտրակաշառք բաժանելուն, սակայն հաճախ բացակայել է աղբյուրը կամ էլ վկայակոչվել են «սեփական աղբյուրները»: Շատ քիչ է եղել քննադատությունը ընդդիմության հասցեին եւ ավելի շատ քննադատվել են իշխանությունները»:

Դատելով ապրիլի 7-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված  նյութերից,  Սարգսյանի խոսքով, ակնհայտ էր, որ լրատվամիջոցները ավելի քիչ տեղ են հատկացրել «Առաքելություն» կուսակցությանը, սակայն մյուս քաղաքական ուժերը բավականին լավ են ներկայացվել. «Նախընտրական քարոզարշավի ընթացքում, դատելով նյութերից, ակնհայտ էր, որ Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը քննադատում է մյուս քաղաքական ուժերին` բացի ԲՀԿ-ից եւ «Առաքելությունից», իսկ ընդհանուր առմամբ ՀԱԿ-ի քննադատությունը ուղղված էր «Բարեւ Երեւան» դաշինքի դեմ»: Մինչ այդ, ինքը ԲՀԿ-ն, որը շարունակում է իրեն այլընտրանքային կոչել, զերծ է մնացել ընդդիմադիր ուժերի հասցեին քննադատություններ հնչեցնելուց եւ այն ուղղել է իշխող ՀՀԿ-ի դեմ, որն էլ իր հերթին դիմել է փոխադարձ մեղադրանքների:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է իրեն որպես ընդդիմադիր ուժ` քննադատելով միայն իշխանությանը: Իր հերթին ՀՅԴ-ն գաղափարախոսական քարոզարշավ չի իրականացրել, իսկ ՕԵԿ-ը հիմնվել է պոպուլիզմի վրա: ՀՀԿ-ն փորձել է նախընտրական քարոզչության ընթացքում հավաստիացնել, որ խոսքը քաղաքական ընտրությունների մասին է, մինչդեռ մյուս քաղաքական ուժերը, որոնք մասնակցում էին ընտրապայքարին, հակառակն էին ապացուցում»,-ընդգծել է Տաթեւ Սարգսյանը, հավելելով, որ մոնիթորինգի վերջնական արդյունքները կներկայացվեն հունիսի սկզբին: