Կառավարության տնտեսական թիմում փոփոխությունը կարող է նշանակել, որ իշխանությունները գիտակցում են առկա խնդիրները. դա ցույց է տալիս, որ նրանք ինչ-որ փոփոխությունների պատրաստ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նա իր գրառման մեջ, մասնավորապես, նշում է.

«Սակայն խնդիրն այն է, որ երկիրը զարգացման ճիշտ ուղու վրա դնելու համար ոչ թե երկու նախարարների փոփոխություն է անհրաժեշտ, այլ առհասարակ կառավարության տնտեսական քաղաքականության, մտածողության, փիլիսոփայության եւ աշխատաոճի:

Ես կարծում եմ՝ հաջողություն ունենալու համար կառավարությունը երեք բան պետք է անի.

1. Կառավարությունը արմատական փոփոխություն պետք է անի իր քաղաքականության մեջ՝ զսպողական եւ խնայողական քաղաքականությունից անցնելով ընդլայնողական եւ աճի քաղաքականության: Հայաստանի համար խնայողության քաղաքականությունը, հաշվի առնելով երկրի ներկա վիճակը՝ աղքատությունը, գործազրկությունը, բնակչության խնայողությունների ցածր մակարդակը եւ արտագաղթի իրողությունը, չի կարող նույնիսկ կարճաժամկետ քաղաքականություն լինել: Օրինակ՝ Գերմանիայում կամ Ճապոնիայում խնայողության քաղաքականությունը կարող է աշխատել, որովհետեւ այնտեղ բնակչության մոտ կուտակված հարստություն ու խնայողություններ կան, եւ ինչ-որ ժամանակով նման քաղաքականության իրականացումը սոցիալական լուրջ խնդիրներ չի կարող առաջացնել:

2. Կառավարությունը պետք է հաղթահարի բարեփոխումների նկատմամբ օլիգարխիայի դիմադրությունը: Վերջերս հաճախ էր լսվում, որ վարչապետի «ձեռքերը կապված» են: Միգուցե դա այդպես է: Վարչապետը, լինելով կառավարության ղեկավարը, բնականաբար կուզենար հաջողություններ արձանագրել եւ թերեւս քաջ գիտակցում է, որ առանց արմատական բարեփոխումների հատկապես հարկային եւ մաքսային ոլորտներում, հաջողությունը հնարավոր չէ:

3. Կառավարությունը չպետք է անվերապահորեն ենթարկվի Արժույթի միջազգային հիմնադրամի բոլոր խորհուրդներին եւ թելադրանքներին: ԱՄՀ-ի հետապնդած շահը հիմնականում ֆիսկալ եւ ֆինանսական կայունությունն է երկրում՝ անկախ նրանից, թե այդ նպատակների հետապնդումը սոցիալ-տնտեսական ինչ հետեւանքներ կունենա տվյալ երկրի բնակչության համար: ԱՄՀ-ի թիրախները զուտ թվային են: ԱՄՀ-ի քաղաքականությունը որեւէ երկրում որեւէ զգացողություն կամ սրտացավություն չի պարունակում: Հայաստանի ժողովրդագրական խնդիրը նրանց ռադարում ընդհանրապես չկա: Նրանց մտքով չի կարող անցնել, որ Հայաստանի դատարկումը ազգային անվտանգության սպառնալիք է:

Նախագահն այսօր ասել է, որ կառավարության գործունեությունը արդյունքներով է չափելու: Ես կարծում եմ՝ այդ արդյունքները վեր պետք է լինեն թվային արտահայտությունից եւ պետք է նախեւառաջ բովանդակություն ունենան: Իսկ դա հիմնականում կախված կլինի, թե այս երեք ուղղություններով կառավարությունն ինչպիսի հմտություն, քաղաքական կամք, համարձակություն եւ բանակցային ունակություն կունենա։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am