Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանի եւ խաղաղության տոնի եւ Շուշիի ազատագրության օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Մայր աթոռ սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Մայիսի 9-ի` Հաղթանակի եւ խաղաղության պանծալի տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա առիթով
Երկրորդ աշխարհամարտում ազգեր ու պետություններ մեծ զոհողությունների գնով հաստատեցին ազատ ու խաղաղ ապրելու իրենց իրավունքը` մերժելով բռնությունը եւ ֆաշիզմը: Մեր քաջարի ժողովուրդը նույնպես մասնակից եղավ եւ մեծ նպաստ բերեց մեծ հաղթանակի կերտմանը, որը ոգեղեն աղբյուր դարձավ Շուշին ազատագրող ու Արցախյան ազատամարտին մասնակից մեր զավակների համար:
Փառք եւ գոհություն ենք մատուցում Աստծուն, որ ազգս հայոց ապահովության մեջ պարծանքով ու տոնական խնդությամբ է նշում Խաղաղության եւ հաղթանակի ու Շուշիի ազատագրման տոները: Շուշիի եւ Արցախի ազատագրմամբ, որ ձեռք բերվեց մեր քաջարի զավակների հերոսական պայքարով, մեր նորօրյա պատմության մեջ բացվեց նոր հաղթանակների, նոր կյանքի հուսառատ էջը` հաստատելով սուրբգրային խոսքը, թե ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պիտի լինեն (Առակ. 12:20):
Աղոթելով հանուն հայրենյաց նահատակված մեր հերոս զավակների հոգվոց հանգստության համար` հայցում ենք, որ Տերը ամենախնամ Իր Սուրբ Աջով անվրդով, խաղաղության մեջ պահպանի համայն աշխարհը եւ մեր ժողովրդին` ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը եւ խաղաղությունը թող լինեն մեզ հետ այսօր եւ միշտ: Ամեն»:




























