Մաշտոցի անվան Մատենադարանի հնատիպ գրքերի հարուստ հավաքածուն համալրվել է տպագիր առաջին հայալեզու Աստվածաշնչի եզակի օրինակով: Ոսկան Երեւանցու` բացառիկ արժեք ներկայացնող Աստվածաշունչը տպագրվել է 1666 թվականին` Ամստերդամում: Գրատպության այս շքեղ օրինակը տարիներ շարունակ եղել է արտասահմանյան մի մասնավոր հավաքածուի մասը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվիրատվության շնորհիվ այն այժմ մայր ձեռագրատանն է եւ առանձնահատուկ փայլ կհաղորդի Մատենադարանի ցուցադրությանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ պատմամշակութային մեծ արժեք ունեցող հատորը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում։ Ոսկան Երեւանցին այն նվիրել է հայ տպագրության ակունքներում կանգնած Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսին: Աստվածաշունչ մատյանի այս օրինակը 1668թ.-ից ունի արծաթյա ընտիր կազմ, որը հայկական արվեստի եւ պատկերագրության եզակի նմուշ է: Հայկական արծաթագործության նշանավոր կենտրոններից մեկը հանդիսացող Էրզրումի դպրոցի վարպետ ոսկերիչներից մեկի ձեռքով պատրաստված կազմը արվեստի հրաշալի գործ է՝ փորագրության եւ դաջվածքի հմուտ մշակմամբ: Հայտնի է, որ կազմը պատրաստող վարպետը տիրապետել է եւ' ոսկերչական նրբագույն արվեստին, եւ' մանրանկարչությանը, եւ, որ ավելի կարեւոր է` աստվածաբանական իմացություն է ունեցել, ինչի շնորհիվ կատարելության է հասցրել այս սքանչելի ստեղծագործությունը: Կազմի երեսին պատկերված է Ավետման տեսարանը, իսկ դարձերեսին` Համբարձման տեսարանն է: Գրքի բացվող հատվածում պատկերված են չորս ավետարանիչներն` իրենց խորհրդանիշներով:
«Հավանաբար, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Մատենադարանը մեզ համար ունի նույն խորհուրդն, ինչ բիբլիական Արարատը: Սա մի սրբավայր է, որը բնութագրում է մեր էությունը: Գրի եւ գրականության հանդեպ հայի սերն անսահման է: Ֆիզիկական բնաջնջման վտանգը նույնիսկ, պատվի եւ գոյության համար մարտնչող ժողովրդին ետ չի պահել կյանքի գնով գիրքը փրկելու վճռականությունից: Հայն իր ցավն ամփոփել է երգի, ստեղծագործության եւ աղոթքի մեջ`ամուր պահպանելով մշակույթը: Ուրախ եմ, որ իմ համեստ ներդրմամբ կարողացա օգտակար լինել Մատենադարանին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանը եւս մեկ անակնկալ է մատուցել՝ իր անձնական գրադարանից Աստվածաշնչի եւս երկու օրինակ հանձնելով Մատենադարանին: Դրանցից մեկը տպագրվել է 1854 թ., իսկ մյուսի տպագրման տարեթիվը կպարզեն մասնագետները՝ համապատասխան ուսումնասիրությունից հետո:































