Օրենսդրության մեջ փոփոխությունները կարող են վճարովի դարձնել ոչ միայն հյուրանոցային, այլեւ «վայրի» հանգիստը: Տարածքային կառավարման նախարարության մշակած «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրինագծի համաձայն` ՏԻՄ-երն իրենց բյուջեն համալրելու նոր հնարավորություն կունենան: Ներկայումս նախագիծը ներկայացված է շահագրգիռ գերատեսչությունների եւ փորձագետների քննարկմանը:
Դրանցից մեկը հանրային հանգստի վայրերի օգտագործման վճարն է: Համաձայն նախագծի, այն օգտագործելու համար համայնքը կարող է շնչի համար 1000 դրամ սահմանել: Մշակույթի հուշարձաններ այցելելու համար 4000 դրամ է առաջարկվում: «Սա լավ միջոց ենք համարում համայնքի եկամուտներն ավելացնելու, զբոսաշրջությունը խթանելու համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարույթան զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Ըստ նրա` ներկայումս հանգստի վայրերի կառավարմամբ զբաղվում է հիմնականում մասնավոր հատվածը:
Ինչ վերաբերում է մշակութային հուշարձաններ այցելելու համար առաջարկվող 4000 դրամին, ապա առայժմ հայտնի չէ, արդյոք այնտեղ նաեւ եկեղեցիները պետք է ներառել, թե ոչ: Կամ ինչպե՞ս տարբերակել զբոսաշրջիկին եկեղեցու այցելուից: Բացառություն է Գառնիի տաճարը, որտեղ նման խնդիր կարծես չկա: Այստեղ գումար գանձվում է, սակայն ոչ թե համայնքին, այլ Մշակույթի նախարարությանն է գնում, որն էլ զբաղվում է հուշարձանի պահպանությամբ:
«Անձամբ ես կողմնակից չեմ ՏԻՄ-երին այդ գումարների փոխանցման հարցում: Հիմա երբ ես Գառնի մուտքի համար վճարում եմ Մշակույթի նախարարությանը, գիտեմ, որ կառույցը հոգ է տանում հուշարձանին: Իսկ համայնքի կարողության եւ ցանկութան վրա ես չեմ կարող վստահ լինել: Չգիտեմ, թե այդ վճարները որքանով նպատակային կլինեն: Ինչ վերաբերում է հանգստին, ապա վստահ չեմ, որ այդ կատեգորիայի տակ համայնքը ցանկացած մարգագետին չի դնի»,-ասաց բուհերից մեկի զբոսաշրջության ամբիոնի դասախոսներից մեկը, ով չցանկացավ անունը բացահայտել:
Մյուս կողմից, միգո՞ւցե մարգագետինը նման տուրքով պաշտպանելը վատը չէ: Հատկապես եթե հիշենք մեր մշտական ուղեկցի` ցելոֆանե տոպրակի գոյությունն ամենուրեք:
Սակայն արդյոք տուրքը կօգնի:




























