Նախնական հաշվարկներով` Երեւանի ավագանում Հանրապետական կուսակցությունը կունենա 42 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 17 մանդատ, իսկ «Բարեւ Երեւան» դաշինքը` 6 մանդատ: Սրանք դեռ վերջնական տվյալները չեն, վերջնական արդյունքները պարզ կդառնան մինչեւ առաջիկա շաբաթ:

Հայտնի չէ նաեւ, թե ԲՀԿ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը կվերցնեն իրենց մանդատները, թե՝ ոչ: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բոլոր հարցերը` այդ թվում մանդատները վերցնել- չվերցնելու, քննարկվում են, արդյունքների մասին կտեղեկացնեն:

Իսկ «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ վերահաշվարկի ավարտից հետո կհավաքվեն 5 կուսակցություններով եւ կքննարկեն` վերցնո՞ւմ են մանդատները, թե՝ ոչ, ինքնաբացարկ ովքեր են ներկայացնում եւ այլն:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն մայրաքաղաքային իշխանությունում ներառվելու է 3 ուժ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Բարեւ Երեւանը»:

Հայ ազգային կոնգրեսը, «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն եւ «Առաքելությունը» չեն հաղթահարել 6 տոկոսի շեմը: