Այս տարվա հունվար-ապրիլին կարեւոր մակրոխմբերի ապրանքների ու ծառայությունների միջին գների աճն ամիս առ ամիս արագացել: Ամենագլխավոր ցուցանիշը` սպառողական գների ինդեքսը, հունվարին մեկնարկել է 102,6%-ից եւ ապրիլին հասել 103,9%-ի:

Հիշեցնենք, որ 2009-2012 թվականների ընթացում սպառողական գների ինդեքսն աճել է մոտ 19,6%-ով: Թվում էր` դա գների գագաթնակետն էր, որից հետո դրանց աճն առավել քաղաքակիրթ բնույթ կկրի: Տարբեր երկրներում գնաճի օպտիմալ մակարդակն, ինչպես հայտնի է, կազմում է տարեկան 2,5%, որի հույսը Հայաստանում տապալվել է:

Գնաճի արագացման հիմնական կատալիզատոր են հանդիսացել սննդամթերքի մակրոխմբերը, որոնց համաձայն` ընթացիկ տարում միջին գները եւս աստիճանաբար աճել են` հունվար-ապրիլի ընթացքում` 101,6%-ից հասնելով 104,2%-ի: Գրեթե նույնկերպ ձեւավորվել են նաեւ հագուստի եւ կոշիկի գները` համապատասխանաբար 106,0 տոկոս եւ 106,6 տոկոս: Այսկերպ զգալիորեն թանկացել են նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնցից դժվար է հրաժարվել:

Միջին գների սպառնալի աճ է գրանցվել նաեւ բժշկական ծառայություններում հունվար-ապրիլ ամիսների ընթացքում`108,2-110,6%-ի: Թանկացել են նաեւ վատ սովորությունների ապրանքները` 104,7 տոկոսից հասնելով 105,8 տոկոսի: Ըստ էության, կյանքն իսկապես թանկացել է բոլոր բնագավառներում: Գնաճ չի նկատվել միայն տրանսպորտի եւ կապի ասպարեզում, որտեղ ապրիլին նկատվել է 0,7% գնանկում: