Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի բացառել կանխարգելիչ միջոցառումների հնարավորությունը։ Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողներին հետ զրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր են արդյոք կանխարգելիչ միջոցառումներն այն դեպքում, եթե նախապատրաստվող հարձակման մասին լուրեր ստացվեն, նա պատասխանել է. «Ոչինչ չի կարելի բացառել, քանի որ սահմանների պաշտպանության եւ զինված ուժերի ներգրավման գործընթացում տարատեսակ միջոցառումներ են նախատեսված, որոնք ուղղված են ինչպես պաշտպանությանը, այնպես էլ հարձակման կանխարգելմանը»:
Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկներ դնելու եւ լռության րոպեի արարողությունից հետո հնչել են Հայաստանի եւ Ռուսաստանի հիմները, ՌԴ-ի ԱԴԾ-ի սահմանապահ զորքերի ստորաբաժանումները եւ Հայաստանի պատվո պահակախմբի վաշտը հանդիսավոր շքերթ են անցկացրել: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչները:




























