Ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ, սպորտի փոխնախարար, ԲՀԿ անդամ Սամվել Խաչատրյանն ուրախացել է, որ սպորտի նախարար է նշանակվել ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, ՀՀ նախագահի նախկին խորհրդական Յուրի Վարդանյանը:

Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ եթե մեկ ուրիշը նշանակվեր նախարար, գուցե եւ տխրեր, բայց այժմ շատ ուրախ է, քանի որ «լեգենդար ծանրամարտիկը, իր մասնագիտությամբ մարդը նշանակվել է սպորտի նախարար»:

Սամվել Խաչատրյանն, ի դեպ, ոչ վաղ անցյալում լրատվամիջոցներում տարածված իր բաց նամակով սուր քննադատության էր ենթարկել Յուրի Վարդանյանին` օլիմպիական խաղերում Հայաստանի անհաջողությունների, դրանում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեղավորության վերաբերյալ վերջինիս դիտարկումների պատճառով:  Իսկ թե ինչպես է պատրաստվում այդ անախորժությունից հետո աշխատել վերջինիս ենթակայությամբ, շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՝ ոչ, փոխնախարարն ասաց, որ չի հրաժարվելու փոխնախարարի պաշտոնից, անձնականը չի խառնում պետականի հետ:

«Ես պետք է մնամ, իհարկե, եթե պարոն Վարդանյանը կամենա ինձ հետ աշխատել, ես կաշխատեմ, դա իմ որոշելիքը չէ, ղեկավարության որոշելիքն է: Եթե ղեկավարությունը նպատակահարմար է գտնում, որ ես կարող եմ  օգուտ տալ մեր սպորտին, ես անպայման գիշեր-ցերեկ ջանք չեմ խնայի, որ օգնեմ եւ հայկական սպորտը առաջ տանեմ, դրոշը միշտ ծածանվի երկնքում, հիմնն էլ` հնչի»:

Նա շեշտեց, որ Յուրի Վարդանյանի նախարար դառնալուց հետո վերջինիս հետ քննարկում չի եղել իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ, բայց ինքը կառչած չէ իր պաշտոնից, փոխնախարարի պաշտոնը «հայեցողական պաշտոն է, ցանկությունով չէ, վստահություն է, եթե ինքը աշխատի եւ չարդարացնի սպասելիքները, անպայման խոստանում է դիմումը գրել եւ հեռանալ»:

Նա հերքեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե այդ նամակից տեղյակ չի եղել, ԲՀԿ աշխատակիցները գրել են ու իր անունից տարածել: Սամվել Խաչատրյանը հետ չի կանգնում հրապարակված իր հայտնի նամակից:  «Ոչ մի խնդիր չի կարող առաջանալ իմ եւ Յուրիկ Վարդանյանի հետ, որովհետեւ իմ ու Յուրիկ Վարդանյանի հարաբերությունները միշտ պարզաբանված են, իրար հետ խոսել ենք այդ թեմայով, մեր հարաբերությունները բարիդրացիական են, ամեն ինչ պարզաբանել ենք: Էն գլխից ես իրեն հարգել եմ, որպես լեգենդար սպորտսմեն եւ  ինչի չէ, որպես լավ մարդ: Ոչ թե ասում  եմ նրա համար, որ հիմա ես փոխնախարար եմ, սկսել եմ գովել, չէ, միշտ էլ ասել եմ, գնահատել եմ, եթե երկրագունդը շուռ գա, ինքը էլի մտնում է լեգենդար սպորտսմեն number one: Ես հարգում եմ իրեն որպես լեգենդար մարզիկ, ինքը եղել է իմ ծանրամարտի կուռքը, եւ որպես նորմալ մարդ, լավ ընտանիքի հայր»,- ասաց նա` հավելելով,  որ ծանրամարտի ֆեդերացիայում ժողովների ժամանակ միշտ անպայման հիշում են Յուրի Վարդանյանին, նրան համեմատում ծանրամարտի լեգենդների հետ, իսկ ինքը միշտ հպարտ է նրա համար, որ իրեն գովում են:

Հիշեցմանը, թե ձեր նույն նամակում այսպիսի խոսքեր կան`  «Յուրիկ, դու լավ մարզիկ ես եղել, լեգենդար մարզիկ, բայց ես քեզ ուղիղ հարց եմ տալիս` ի՞նչ տեսակ մարդ ես դու: Ո՞ր շահի համար ես դու ուրանում մարդկային պարզ նորմերը», նա պատասխանեց, որ այդ ամեն ինչ ասել է, քանի որ իրականությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանը միշտ աջակցել եւ աջակցում է սպորտին: «Պարոն Ծառուկյանն էդքան ամեն ինչ արել է, ինչի՞ ես դու փնովում, չէ՞ որ էս մարդը էդքան արել է, խի՞ ես դու էդ մարդուն կպնում, դա է եղել իմ խոսակցությունը»,-նշեց նա:

Հարցին, թե չեք զղջում, ափսոսում այն նամակի համար, որ գրել էիք, նա պատասխանեց.  «Գիտե՞ք ինչ, զղջալ, ափսոսալ, տենց բաներ պետք չի ասել: Լրատվությունն էնքան բաներ կարող է գրել, ջնջել, թե սա սրա թշնամին է, նա` նրա, դրանք հեքիաթներ են: Ես չէի կարող պարոն Ծառուկյանի արած գործը չասել, չէ՞ որ 2006-2012թթ ես` Խաչատրյան Սամվելս, եղել եմ  Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, հավատացեք ինձ, ծանրամարտը ծանր սպորտ է եւ երկաթի ծանրությամբ, եւ ամեն ինչով, եւ շատ փողատար սպորտ է, որն առանց փող ներդնելու չէր կարող այդքան հաջողություններ ունենալ, Օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանն ամեն վայրկյան օգնել է դրամով, հոգեբանորեն»:

Նա չգիտի, թե այժմ Յուրի Վարդանյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ինչպիսին են, բայց վստահ է, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի  նախարարությունը եւ ՀԱՕԿ-ը, Յուրի Վարդանյանը եւ Գագիկ Ծառուկյանը շարունակելու են համատեղ աշխատել, «երկրորդ միտք էլ չկա»:

Իր խոսքը Սամվել Խաչատրյանը եզրափակեց այսպիսի տողերով. «Կեցցե Յուրի Վարդանյանը, կեցցե Գագիկ Ծառուկյանը եւ ամենակարեւորը` կեցցե երկրի նախագահը»: