Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ մեկնաբանելով նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի հետ կապված իրավիճակը։

«Հաշվի առնելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարիմ է մնացել թափանցիկ եւ հաշվետու գործելակերպի սկզբունքին եւ երբեք չի խուսափել ցանկացած ձեւաչափով հանրային քննարկումներին մասնակցելուց, այդ թվում նաեւ լրատվամիջոցների ու շարքային քաղաքացիների հետ շփումներից: Առաջնորդվելով այս սկզբունքով՝ երեկ ԿԸՀ նախագահն ընդունեց «Ազատություն» ռադիոկայանի` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ասուլիսի հրավերը՝ ելնելով այն կանխավարկածից, որ շահագրգիռ բոլոր կողմերը ողջամտության սահմաններում մասնակից կդառնան կայանալիք քննարկմանը:

Սակայն օրվա ընթացքում տեղի ունեցածը (խոսքը վերաբերում է էթիկայի տարրական պահանջներին չբավարարող հարցերին) եկավ ապացուցելու հակառակը եւ ակնհայտ դարձրեց, որ նշված ձեւաչափով ասուլիսը որեւէ դեպքում չէր լինելու արդյունավետ եւ էթիկայի նորմերի սահմաններում: Ավելին՝ այն ծառայելու էր առանձին քաղաքական խմբերի շահերի սպասարկմանը, ինչը հեռու է ԿԸՀ ու նրա ներկայացուցիչների կոչումից եւ առաքելությունից։ Ելնելով վերոնշյալից՝ ԿԸՀ նախագահը ստիպված էր հրաժարվել նախնական պայմանավորվածությունից՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով որեւէ այլ ձեւաչափով պատասխանել ռադիոլսողների հարցերին»,- ասված է ԿԸՀ հաղորդագրությունում։

Նշենք, որ երեկ` մայիսի 8-ին «Ազատություն» ռադիոկայանը ասուլիսի անոնս էր հրապարակել, եւ օգտատերերը կարող էին իրենց հարցերն ուղղել Տիգրան Մուկուչյանին: Բազմաթիվ օգտատերեր հարցեր էին գրել, այդ թվում նաեւ անձնական բնույթի վիրավորանքներ են եղել, որոնք ռադիոկայանը հեռացրել էր էջից, ապա Տիգրան Մուկուչյանն ինքն էր հրաժարվել ասուլիսից:

Ներկայացնենք այդ հարցերից մի քանիսը.

«Աշխատանքից ազատ ժամերին ի՞նչն եք կեղծում», «Պրն. Մուկուչյան, հունիսին քննություններ ունեմ, կարանք մի բան անենք, ինչ ուզեմ ստանամ, ինչքան ուզենք խփենք էլի», «Պարոն Մուկուչյան, ո՞ր բանտում եք ցանկանում կրել Ձեր պատիժը հեղափոխությունից հետո», «Մարդկանց ո՞ր տեսակը կարող է իրեն թույլ տալ կեղծել ընտրություները»: