Եթե ստեղծված իրավիճակում որեւէ մեկը պետք է զիջի՝ ընդդիմադիր կամ իշխանությունը ներկայացնող մարդ, ապա դա ես կլինեմ: Այս մասին, այօսր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելել. «Եթե որեւէ մեկին քավության նոխազ է պետք, ապա դա ես կլինեմ»:

Դիմելով ներկաներին, Հովհաննիսյանը նշել է, որ նախկինում ինքը կոչ է արել պայքարել մինչեւ վերջ եւ հիմա առաջարկում է շարունակել պայքարը, քանի որ մեկ օրում հնարավոր չէ հասնել հաջողության: «Եթե ինչ-որ մեկը չի հասկացել իմ առաջարկը, դրանում ես եմ մեղավոր: Ես եկա այստեղ, ոչ թե հայտարարելու, որ նահանջում եմ, այլ, որ պայքարը շարունակվում է այն մարդկանց համար, ովքեր այս ընթացքում իմ եւ համաժողովրդական շարժման կողքին էին»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը, ում կողմնակիցները բազմիցս հայտարարել են, որ նա Հայաստանի 4-րդ նախագահն է, հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում նախագահի պաշտոնը: «Ինձ պետք չէ նախագահի աթոռը: Հավատացնում եմ ձեզ, որ 5 տարի հետո մենք կունենանք նոր որակի պետություն: Ես չեմ հայտարարում, որ այդ պետության մեջ չեն լինի Սերժ Սարգսյանը եւ մյուսները, թող բոլորն էլ լինեն, սակայն մեր խնդիրը, մեր պայքարի նպատակն այն է, որպեսզի այնպիսի սերունդ դաստիարակենք, որ ապրիլի 9-ի դեպքերի կրկնության դեպքում չլքեն Ազատության հրապարակը: Մեզ պետք է նոր սերունդ, որը հայրենիքը չի դիտարկի կուսակցական պատկանելիության տեսանկյունից»,-ասել է «Ժառանգության» առաջնորդը:

Միաժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին խնդրել է ցույց տալ իրեն պայքարի ճանապարհը, քանի որ «այսպես այլեւս չի կարող շարունակվել»: Նա հայտարարել է, որ մայիսի 19-ին, ժամը 13-ին «Անի» հյուրանոցում տեղի կունենա հանդիպում հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պայքարի կողմնակից են: