Կիպրոսում 90 տարեկանում մահացել է հայտնի ձեռներեց Հակոբ Քեհեյանը: Նրա կյանքը լի է եղել անհաջողություններով, սակայն  լավատեսությունն  ու գործարար ոգին նրան թույլ են տվել անսովոր կյանք ու կարիերա ունենալ  եւ դառնալ հասարակության հենարան, գրում է  «Cyprus Mail»-ը:

Հակոբ Քեհեյանը ծնվել է 1922 թ-ին,  նրա ծնողները Կիպրոս էին տեղափոխվել Հայոց ցեղասպանությունից հետո: Նրա ընտանիքը զբաղվել է բամբակի արտադրությամբ եւ մեծ կալվածքներ է ունեցել Ադանայում:

Նա մորը կորցրել է վաղ հասակում, ով մահացել է քաղցկեղից,  եւ հետագայում նա հիմնել է հակաքաղցկեղային ընկերությունը:

Նրա հայրը նույնպես վաղ է մահացել, եւ դպրոցից հետո Հակոբը չի կարողացել ընդունվել համալսարան եւ աշխատել է որպես շրջանային տեսուչի օգնական: Իր մեջ գործարար ջիղ հայտնաբերելով` երիտասարդ Քեհեյանը  հիմնել է սեփական բիզնեսը, ապահովել է բրիտանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցչությունների բացումը, այդ թվում` «Jaeger» հագուստի բրենդի:

Դա մի աստիճան էր, որի միջոցով նա մտել է բանկային եւ ապահովագրական համակարգ: Նա ներկայացրել է «Warden»-ը, հետո`  «Royal Insurance»-ը, եւ Կիպրոսում  1950-ականներին ստեղծել է առաջին լիզինգային ընկերությունը, որն էլ հետագայում վերածվել է «Lombard NatWest Bank»-ի, որը ներկայիս «Alpha Bank»-ն է: Հայ համայնքում նրան բարեկամաբար պարոն Լոմբարդ էին անվանում:

Նա նաեւ դարձել է անշարժ գույքի ոլորտում պիոներ,  աշխատել է Միջերկրական ծովի խոշոր առողջարաններից մեկում, սակայն  թուրքական ներխուժումը դադարեցրել է նախագիծը: Լինելով լավատես` նա ամեն ինչ սկսել է զրոյից:

Քեհեյանի գործարար հաջողությունը մշտապես համատեղվել է քաղաքացիական պատասխանատվություն զգացումի հետ:  1972թ-ին նա նշանակվել է  Բրազիլիայում Կիպրոսի պատվավոր հյուպատոս եւ բրազիլական կառավարությունից Ռիո Բրանկոյի շքանշան է ստացել: