Եթե փետրվարի 18-ին Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթեց ժողովուրդը, ապա մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններում, որը պայքարի շարունակությունն էր, պարտվեցինք բոլորս՝ սկսած ինձնից: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես պարտվեցի, բայց ինձից ավելի շատ պարտվեց Սերժ Սարգսյանը»,-հայտարարել է նա: «Ժառանգության» նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր լրագրողներին, որոնք վերջին ամիսներին լուսաբանել են իր գործունեությունը, նաեւ շնորհակալություն է հայտնել ոստիկաններին, որոնք ապահովել են անվտանգությունը, նաեւ նրանց, ովքեր իր հացադուլի 21 օրերին իր կողքին են եղել:

Հովհաննիսյանը միաժամանակ նշել է,  որ իշխանությունների դեմ պայքարը մեկ մարդու պայքար չէ, դա ողջ ժողովրդի պայքարն է: «Թող ինձ չհամեմատեն ոչ ներկա, ոչ նախկին նախագահների հետ, թող ինձ չհամեմատեն պատերազմի հերոսների հետ: Ես սովորական մարդ եմ, ես առաջարկում եմ ձեզ շարունակել պայքարը, որն սկսվել է փետրվարի 18-ին: Այդ օրը ժողովուրդն արեց իր գործը եւ իրավունք ունի իր ընտրյալից գործողություններ պահանջել: Իսկ ես իրավունք ունեմ մարդկանցից ակնկալել, որ նրանք ակտիվորեն մասնակցեն ընդդիմադիր միջոցառումներին, ոչ թե նստեն տանը եւ օնլայն հետեւեն Ազատության հրապարակում կամ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին: