Դիմիտրով գյուղի կամրջի մոտ ճամփեզրին բախված «ՎԱԶ-21010» մակնիշի 97 LS 777 համարանիշի ավտոմեքենայի ուղեւորների ինքնությունը պարզվել է: Բախումից տուժել են 27-ամյա Հակոբ Ռաֆիկի Ստեփանյանը (քաղաք Վեդի), 27-ամյա Գոհար Դավիթի Գեւորգյանը (քաղաք Ալավերդի), 23-ամյա Քնարիկ Սամվելի Գեւորգյանը (Արմավիրի մարզ գյուղ Վարդաշեն) եւ 21-ամյա Արայիկ Գագիկի Խաչատրյանը (Երեւանի Աջափնյակ վարչական շրջան): Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Արարատի բաժնից:
Վերջիններս ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 10-ին, ժամը 08.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «ՎԱԶ-21010» մակնիշի 97 LS 777 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրին եւ շրջվել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:




























