Հայաստանի հանրապետական կուսակցությունը «քուչի տղերքի», «թաղային հեղինակությունների» եւ նման այլ մարդկանց անհրաժեշտությունը չունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը:

Անդրադառնալով տեսանյութին, որտեղ սեւ ակնոցներով անհայտ երիտասարդները սպառնում են լրագրողներին ու դիտորդներին, Սահակյանն ասել է, որ պետք է ստուգել այդ տեսանյութերի հավաստիությունը:

«Տեսանյութում երեւում է, թե ինչպես ինչ-որ մեկը մուգ ակնոցներով մոտենում է դիտորդին եւ փորձում վախեցնել նրան: Բայց անհասկանալի է, թե ինչպես է հետեւություն արվում, որ դրանք գործում են ՀՀԿ-ի ցուցումով ու օգտին»,-հայտարարել է Սահակյանն ու հավելել, որ եթե մամուլի կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խախտումների ապացույցներ ունեն, իսկ ներկա տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում դրանք հավաքելն առանձնապես դժվար չէ, դրանք կարելի է ներկայացնել իրավապահ մարմիններին:

«Եթե դուք խոսում եք «լավ տղաների» մասին, որոնք իբր օգնել են ընտրությունների «կազմակերպմանը», ապա քաղաքում իրենց տղաներն ունի եւ ՕԵԿ-ը եւ «Բարեւ Երեւանը»»,-ընդգծել է պատգամավորը:

Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսը չարաշահելու վերաբերյալ մեղադրանքներին, Սահակյանը նշել է, որ պետական ծառայողները եւ ՀՀԿ անդամները, ովքեր մասնակցել են քարոզարշավին, այդ ընթացքում արձակուրդ են վերցրել: