Ընտրությունների եւ գների միջեւ ուղիղ կորելյացիոն կապ գոյություն ունի: Այդ մասին այսօր՝ մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա դիտարկմամբ՝ նախկինում միշտ էլ ընտրություններից հետո գները բարձրացել են:
Հարցին, թե վերջին ընտրություններից հետո շուկայում գների ինչպիսի՞ փոփոխություն կա, Ա. Պողոսյանը կոնկրետ օրինակներ հրաժարվեց նշել: Նա հայտարարեց, որ հարապետությունում գոյություն ունի գների ոչ միայն նոմինալ, այլեւ կրիմինալ աճ, այսինքն՝ երբ գինը մնում է նույնը, սակայն նվազում է քաշը կամ որակը: Այդպիսի դեպքեր, ըստ Ա. Պողոսյանի, արձանագրվում են հացի, շաքարավազի հետ: Նա հայտարարեց, որ դիմել է ՀՀ նախագահին՝ ստուգայց կազմակերպելու համար խմբեր ստեղծել, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել:




























