ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցության հրավերը դեռ չեն քննարկել: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով հրավերին ասաց. «Այս պահին նման հարց դեռ չի քննարկվել»: Ինչպես նաեւ նշեց, որ առաջարկին ծանոթ են, սակայն չի կարող ասել առաջարկը կքննարկվի, թե՝ ոչ եւ, եթե այո՝ երբ:
ՀԱԿ կուսակցությունից Զոյա Թադեւոսյանն էլ ասաց, որ ոչինչ չի կարող հայտնել, քանի որ ինչ-որ բան ասելու համար հարցը պետք է քննարկվեր: «Ոչ աշխատանքային օրերեից հետո, երբ հարցը քննարկվի, նոր կարող ենք մեր կարծիքը հայտնել»,- ավելացրեց Զոյա Թադեւոսյանը:
Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր. «Մայիսի 19-ին Անի հյուրանոցում ժամը 13-ին, ով իրեն համախմբման ենթակա է համարում եւ հարգում է ժողովրդի փետրվարի 18-ի ձայնը, ով համարում է, որ մայիսի 5-ին խեղվեց ժողովրդի ձայնը, ես հրավիրում եմ՝ ոչ թե որպես տանտեր, հյուրընկալ, եկեք»:




























