Տաջիկստանում մզկիթների ավագ քահանաներն ուրբաթօրյա աղոթքների ժամանակ պետք է ծխականներին բացատրեն նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից հանրապետության խորհրդարանին ուղղված ապրիլյան ուղերձի իմաստը: Այս մասին հայտարարել է Տաջիկստանի կառավարության կրոնական գործերով Կոմիտեի փոխնախագահ Մավլոն Մուխթորովը:

Մուխթորովի խոսքով` Կոմիտեի աշխատակիցները պետք է զրուցեն իմամ-հաթիբների հետ` նախագահական ուղերձի լուսաբանման վերաբերյալ: Միաժամանակ ոչ բոլոր հավատացյալներն են հավանել իշխանությունների նախաձեռնությունը: «Ես մզկիթ եմ գնում` Ալլահին աղոթելու համար: Երբ ես ցանկանում են քաղաքականության վերաբերյալ ինչ-որ բան իմանալ, ես թերթ եմ գնում, կամ հեռուստացույցն եմ միացնում»,- «Ինտերֆաքսին» հայտարարել է Աքբար անունով մի ծխական:

Ապրիլի 26-ին հնչեցրած ուղերձի մեջ Ռահմոնը քննարկել է ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսության եւ սոցիալական ոլորտի  զարգացման ուղիների վերաբերյալ հարցեր: Նա մասնավորապես խոստացել է որ 2020 թվականին արդեն կենսաթոշակների, նպաստների եւ կրթաթոշակների չափը 2013 թվականի համեմատ կաճի 2,5-3 անգամ: Ուղերձը տեւել է չորս ժամ: