Հռոմի կենտրոնում` Վենետիկի միջնադարյան պալատի տակ, Մուսոլինիի բունկերի գոյության մասին վաղուց էր հայտնի, սակայն միայն վերջերս այն ցուցադրեցին լրագրողներին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ դա  բացառիկ ճարտարապետական կառույց է: Ճարտարապետն ինը ոչ մեծ շինությունները տեղակայել է գետնի տակ գտնվող հնագույն աշտարակի հիմքում: Դուչեի եւ նրա սիրեցյալ Կլարա Պետաչիի 15 մ խորությունում գտնվող անձնական ապաստարան հնարավոր է հասնել վերելակով:  Շինարարությունն սկսվել էր 1943թ., երբ Չերչիլը հայտարարել էր Հռոմը ռմբակոծելու ծրագրերի մասին: 

Իրականում Հռոմը լի էր բունկերներով: Միայն Տորլոնիայի վիլլայում, որտեղ ապրում էր Մուսոլինիի ընտանիքը, դրանք երեքն էին: Հռոմում  նման կառույցներից մեկը գտնվում է եվրոպական հայտնի թաղամասում, որը կառուցվել  է Համաշխարհային ցուցահանդեսի անցկացման համար:

Այդ բունկերը հիշեցնում է սուզանավ եւ նախատեսված է 150 մարդու համար: Այն պետք է  ծառայեր որպես թաքստոց` ռմբակոծության կամ քիմիական հարձակման դեպքում, եւ ունի  սեփական  գեներատոր:  Ապաստարանում կա նաեւ կոյուղի եւ ջրատար խողովակ, որտեղ հրացաններ են պահել: Օդափոխության համակարգը հնարավորություն էր տալիս այնտեղ լիարժեք մնալ հինգ ամիս: