Բրիտանիայի դեսպանատունը Լիբիայից ժամանակավորապես դուրս է բերում օժանդակ անձնակազմի մի մասին` երկրում անկայուն դրության պատճառով: Այդ մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, որտեղ նաեւ նշվում է, որ դիվանագիտական առաքելությունը կշարունակի աշխատել բնականոն աշխատակարգով:   

Նախօրեին Տրիպոլիից անձնակազմի մի մասին դուրս բերելու մասին հայտնել էր նաեւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, որը քաղաքացիներին նաեւ հորդորել էր զերծ մնալ Լիբիա այցելելուց` իրադրության վատթարացման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ապրիլի 28-ից մի քանի հարյուր զինված մարդիկ մեկ շաբաթ շրջափակման մեջ էին պահել Լիբիայի ԱԳՆ-ի եւ ՆԳՆ-ի շենքերը` պահանջելով պաշտոնանկ անել Քադաֆիի նախկին համախոհներին, ինչպես նաեւ աշխատանքով ապահովել ջամահիրիայի ղեկավարի տապալմանը մասնակցած զինծառայողներին: Շրջափակումը հանվել էր, երբ իշխանությունները համապատասխան օրենք էին ընդունել: Սակայն ավելի ուշ դժգոհները նորից էին շրջափակել կառավարական հաստատությունները` պահանջելով Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանի հրաժարականը: