Լոս Անջելեսի դատախազությունը հետաքննում է Լիթլ Արմենիա շրջանում ընտրությունները կեղծելու մեղադրանքները: Շրջանն ընդգրկված է Լոս Անջելեսի քաղաքային ընտրությունների օկրուգում, եւ երկու թեկնածուներ դաժան պայքար են մղում ազատ տեղի համար: Այդ մասին գրում է «Los Angeles Times»-ը:
Լոս Անջելեսի շրջանային դատախազի մամուլի քարտուղար Ջեկի Լեյսիի խոսքով, դատախազները փորձում են պարզել, արդյոք թեկնածուներից մեկի կողմնակիցներն ապօրինաբար լրացրել են տասնյալ ընտրողների քվեաթերթիկները: Մայիսի 21-ի ընտրությունները կպարզեն, թե ում կփոխարինի Էրիկ Գարսետտին, ով առաջադրվել է քաղաքապետի պաշտոնում:
Ըստ բողոքի, Միթչ Օ’Ֆարրելի շտաբի աշխատակիցները լրացրել են ընտրողների քվեաթերթիկները` ասելով, թե քվեարկում են Սեմ Կբուշյանի օգտին, ով վաղուց պարտվել էր նախնական ընտրություններում: Կբուշյանն ու նրա նախկին կամավորները ներկայումս աշխատում են Օ’Ֆարրելի օգտին:
Օ’Ֆարրելի ընտրարշավի պատասխանատուները հերքում են այդ մեղադրանքները` հայտարարելով, թե հենց Ջոն Չոի աշխատակիցներն են լրացրել քվեաթերթիկները` վերցնելով ընտրողներից: Թեկնածուի մամուլի քարտուղարը նշել է, թե իրենք մտադիր են հայց ներկայացնել շրջանային դատախազություն` ներառելով նաեւ ընտրողների վկայությունները:
Լոս Անջելեսում ընտրությունների կեղծման մեղադրանքը վերջինն է վերջին շրջանում Լիթլ Արմենիայում հնչող մեղադրանքների շարքում: Ապրիլին քաշքշուկ էր եղել երկու թեկնածուների քարոզիչների միջեւ, ինչը հանգեցրել էր ոստիկանական հետաքննության:




























