Պաշտոնական Բրյուսելն ակնկալում է առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում արդեն Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցիացման համաձայնագիրն ու Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասաց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ընդգծելով, որ Բրյուսելը լուրջ ու տեսանելի առաջընթաց է ակնկալում այդ հավաքից, որտեղ Եվրամիության անդամ երկրների առաջնորդները մեկ սեղանի շուրջ կնստեն նախկին Խորհրդային Միության վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարների հետ:

«Հայաստանի համար, հուսով ենք, այդ գագաթաժողովի կոնկրետ արդյունքը կլինի Ասոցիացման համաձայնագրի, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ պայմանագրի նախաստորագրումը: Սա շատ դժվարին գործընթաց է, որը ենթադրում է, որ Հայաստանի օրենսդրությունը պետք է ներդաշնակեցվի եվրոպական օրենսդրության հիմնական մասի հետ: Այնպես որ, սա լուրջ գործ է», - ասաց Ֆյուլեն եւ շարունակեց. «Բացի այդ, հուսով ենք, որ կգործարկվեն նաեւ ռեադմիսիայի եւ վիզաների դյուրացման մասին համաձայնագրերը, ինչպես նաեւ կհամաձայնեցվի Հայաստանի արդիականացման համար անհրաժեշտ բարեփոխումների ցանկը»:

Ասոցիացման համաձայնագիրը, հիշեցնենք, նախատեսում է խորացնել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում՝ արտաքին քաղաքականությունից մինչեւ առեւտուր ու մշակույթ, մինչդեռ Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, ստորագրման դեպքում, հայ գործարարների առջեւ կբացի Եվրամիության հսկայական շուկան՝ առավել շահեկան պայմաններով ու հնարավորություններով:

Այս փաստաթղթերի ստորագրմանը հասնելու համար, սակայն, պաշտոնական Բրյուսելը շարունակում է բարեփոխումներ ակնկալել Հայաստանի իշխանություններից՝ ոչ միայն ժողովրդավարության ու մարդու իրավունքների, այլեւ օրենսդրության արդիականացման ու  կիրառման ոլորտներում:

Ներքին խնդիրներից բացի, Բրյուսելի համար գերակայություն է մնում նաեւ այս տարածաշրջանի անվտանգությունն ու առկա հակամարտությունների կարգավորումը: