Ռուսաստանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովի հիմնական ժառանգ զարմիկ Ուսմանովի հուղարկավորությունը, որը մահացել էր օրերս տեղի ունեցած ավտովթարից, Տաշքենդում ասեկոսեների եւ կասկածների ալիք է բարձրացրել` պաշտոնական տվյալների իսպառ բացակայությանը զուգահեռ:
Հիշեցնենք, որ Բաբուր Ուսմանովը Ալիշեր Ուսմանովի հիմնական ժառանգն էր համարվում: Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժ. 5-ին` Տաշքենդի կենտրոնում:
Տեղեկություն կա, որ Բաբուրը վերադառնալիս է եղել ընկերոջ ծննդյան տոնից` իբրեւ թե խիստ հարբած վիճակում: Նրա հետ մեքենայում աղջիկ է եղել, որը նույնպես զոհվել է: Բաբուր Ուսմանովը հիմնականում Շվեյցարիայում էր բնակվում` կնոջ եւ դստեր հետ: Նա Տաշքենդ էր եկել իր զարմուհի Ասալ Նարզիեւայի հարսանիքին մասնակցելու, որը պետք է տեղի ունենար մայիսի 10-ին:
Վերջերս Բրիտանիայի ամենահարուստ մարդ ճանաչված Ալիշեր Ուսմանովը երեխաներ չուներ, այդ պատճառով էլ նա Բաբուրին էր իրեն ժառանգորդ ընտրել: Ըստ ականատեսների` Մոսկվայից շտապ Տաշքենդ ժամանած Ալիշեր Ուսմանովը շատ հուզված էր եւ հազիվ էր ոտքի վրա մնում, հայտնում է bfm.ru-ն:
Պաշտոնական տվյալների բացակայությունը զանազան խոսակցությունների եւ կասկածների տեղիք է տալիս. ասում են, որ կատարվածը պարզապես ավտովթար չէր: Քիչ մանրամասներ են հայտնի, հիմնականում` հարազատների, այլ ոչ թե ականատեսների խոսքերից:
Բաբուր Ուսմանովն ամուսնացած էր Ուզբեկստանի ներկայիս վարչապետ, երկրի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ Շավկատ Միրզիյաեւի զարմուհու հետ: Ուզբեկստանի նախագահին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Միրզիյաեւի ու Ուսմանովի ազգակցական կապը դուր չէր գալիս նախագահ Քարիմովին եւ նրա շրջապատին: Ողբերգական վթարը կատարվել էր նախագահի առողջության վատթարացման եւ քաղաքական վերնախավում իշխանության համար պայքարի սրացման պայմաններում: Երկրի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներից են վերոնշյալ Միրզիյաեւը, փոխվարչապետ Ռուստամ Ազիմովը եւ նախագահի դուստր Գուլնարա Քարիմովան:




























