Վեսթ քաղաքում պայթուցիկ սարք պահելու մեղադրանքով կալանավորված տղամարդը, որտեղ պարարտանյութերի գործարան էր պայթել, տեղացի պարամեդիկ է, որը պայթյունից հետո մասնակցել է փրկարարական աշխատանքներին:
Ինչպես հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Reuters-ը, Բրայս Ռիդը կալանավորվել է այն բանից հետո, երբ Էբոթ քաղաքի տներից մեկի խուզարկության ժամանակ այնտեղ խողովակի կտորներ եւ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել: Պարամեդիկին պատկանող ռումբի մասին ոստիկանությանը հայտնել է ականատեսը:
Ռիդի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա մայիսի 15-ին, Վաքո քաղաքում: Իշխանություններն ընդգծում են, որ Ռիդի կալանավորումը կապ չունի գործարանի պայթյունի հետ: «Դեռեւս չկան ապացույցներ, որ պարարտանյութերի գործարանում հրդեհն ու պայթյունը կապ ունեն նրա կալանավորման հետ»,-ասված է ՄըքԼենան կոմսության շերիֆի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Բժշկական կրթություն ունեցող Բրայս Ռիդը վերջին 13 տարիներին աշխատել է որպես ֆելդշեր մարտական գործողությունների վայրերում, կամավոր մասնակցել բազմաթիվ փրկարարական գործողությունների: Լրագրողներին նա պատմել է, որ պայթյունից զոհվել է իր մտերիմ ընկերը, իսկ պայթյունի ալիքից կոտրվել են իր բնակարանի դռներն ու պատուհանները:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին հզոր պայթյուն էր որոտացել Թեքսքսի նահանգի Վեսթ քաղաքի մոտ գտնվող պարարտանյութերի գործարանում, որի հետեւանքով զոհվել էր 14, վիրավորվել մոտ 200 մարդ:




























