Հայտնի է դարձել բոսթոնյան ահաբեկիչ Թամերլան Ցարնաեւի հուղարկավորման վայրը. Նա թաղված է Դոսուել փոքր քաղաքի Ալ-Բարզախ գերեզմանատանը` Վիրջինիա նահանգի մայրաքաղաք Ռիչմոնդից 25 կմ հեռու:

Տեղեկությունը պարզել են Boston Globe-ի լրագրողները, որոնք հատուկ հետաքննություն են վարել: Տեղական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություններից, գրում է Life News-ը:

Միաժամանակ, BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ նահանգի մահմեդական համայնքը խուճապի է մատնվել այն բանից հետո, երբ Թամերլան Ցարնաեւի մարմինը գաղտնի հողին են հանձնել նահանգի տարածքում: Իշխանությունները մտավախություն ունեն, որ Ցարնաեւի գերեզմանը կարող է հակաամերիկյան տարրերի հանդիպման վայր դառնալ:

Հիշեցնենք, ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում զոհված 26-ամյա Թամերլան Ցարնաեւի մարմինը մինչեւ մայիսի  9-ը գտնվում էր Մասաչուսեթսի Վուսթեր քաղաքի թաղման բյուրոյում:

Բյուրոյի սեփականատեր Փիթըր Սթեֆանը երկար ժամանակ փորձում էր ահաբեկչի թաղման վայր գտնել, սակայն մի քանի նահանգներ հրաժարվել էին տեղ տրամադրելուց:  Մայիսի 9-ին Վուսթեր քաղաքի իրավապահները հաղորդել էին, որ ռուսաստանցուն ի վերջո հուղարկավորել են: Նրանք նաեւ հայտնել էին, որ դա նահանգի սահմաններից դուրս է կատարվել: