ԱՄՆ-ն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատումն է ակնկալում: Նման կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ուկրաինայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում: Քերրին հույս ունի, որ Ուկրաինայի ղեկավարությունը կակտիվացնի ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի պայմանների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքը:
«Այսօրվա մեր քննարկելիք թեմաներից մեկը եվրոպական համայնքի հետ աշխատանքն է` ասոցացման մասին համաձայնագրի պայմանների կատարման ուղղությամբ: Մենք հատկապես անհանգստացած ենք մեկ հարցի կապակցությամբ եւ հուսով ենք, որ ղեկավարները կլուծեն առավել բարդ խնդիրը, մասնավորապես` կդադարեցնեն նախկին վարչապետ Տիմոշենկոյի նկատմամբ հետապնդումները», - ասել է Քերրին մայիսի 10-ին Վաշինգտոնում Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է liga.net-ը:
Կոժարան ավելի վաղ հայտարարել էր, թե Ուկրաինայի կառավարությունն ընդունում է, որ Տիմոշենկոյի գործը խնդիրներ է հարուցում ԵՄ-ի հետ հարաբերություններում, սակայն, ըստ նրա, մեկ քրեական գործը չպետք է խոչընդոտ հանդիսանա Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման համար:
Հիշեցնենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 30-ին հրապարակել էր իր վճիռը «Տիմոշենկոն ընդդեմ Ուկրաինայի» աղմկահարույց գործի վերաբերյալ: ՄԻԵԴ-ը սահմանել էր, որ Ուկրաինայի նախկին վարչապետի կալանքը քաղաքական շարժառիթներով է եղել եւ իրագործվել է Մարդու իրավունքների մասին կոնվենցիայի խախտմամբ:




























