Հատուկ հանձնաժողովը խորհուրդ է տվել քանդել Սենդի Հուք դպրոցը ամերիկյան Նյութաուն քաղաքում, որտեղ սպանդ էր եղել, եւ դրա տեղում կառուցել նոր ուսումնական հաստատություն: Ողբերգությունից հետո դպրոցը փակվել էր, իսկ քաղաքի բոլոր աշակերտները հաճախում են հարեւան Մոնրո քաղաքի դպրոց:

Հանձնաժողովի կարծիքով, հին շենքի քանդումն ու նոր շենքի շինարարությունը կարժենան 56 մլն դոլար եւ կտեւեն մոտ 1,5 տարի: Հենց քաղաքային խորհուրդը հաստատի նախագիծը, խորհրդի անդամները կկարողանան դիմել դաշնային իշխանություններին` նախագծին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ Նյութաունի դպրոցում Ադամ Լանզան սպանել էր 20 երեխաների եւ 6 ուսուցիչների: 20-ամյա հոգեկան հիվանդը վերցրել էր մորը պատկանող հրացանը, սպանել նրան եւ գնացել դպրոց: Հաշվեհարդարից հետո նա ինքնասպան էր եղել: Իր ամեն մի զոհի վրա 3-ից 11 գնդակ էր արձակել: