Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին հայտարարել է, թե քաղաքական ասպարեզում առաջընթացը, որ գրանցվել է Ռուսաստանի ԱԳ նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպմանը, կապված է առաջին հերթին ահաբեկչական խմբավորումների պարտության հետ:
Ակտիվիստների հետ հանդիպմանը նախարարը նկատել է, թե սիրիական իրադարձությունների վերլուծության դեպքում ակնհայտ է դառնում փաստը, թե «Ալ-Կաիդան» եւ «Ջեբհաթ Ան-Նուսրան» Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի ձեռքին խամաճիկ զենքեր են: Նրա խոսքով, այդ փաստերը պահանջում են պատասխանատվության ենթարկել Քաթարին ՄԱԿ ԱԽ թիվ 1373 բանաձեւի խախտման համար, որը արգելում է ՄԱԿ անդամ-պետություններին ապաստան տալ ահաբեկիչներին:
Նա նաեւ ընդգծել է, թե Թուրքիան` Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, այսօր դարձել է ահաբեկիչների եւ կրոնական ծայրահեղականների ապաստան, հաղորդում է պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Տեղեկատվության նախարարը նկատել է, թե Սիրիան վերջին աշխարհիկ պետությունն է տարածաշրջանում, եւ նրա պահպանումը ոչ միայն Սիրիայի կառավարության պարտականությունն է, այլեւ համաշխարհային մշակույթի եւ քաղաքակրթության առջեւ միջազգային պարտքը:
Նշենք, որ ակտիվիստների պատվիրակությունը գլխավորում է Նոբելյան մրցանակակիր Մայրիդ Մագուայրը, դրա կազմում ընդգրկված են լրագրողներ Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից եւ Լիբանանից:




























