Իլհամ Ալիեւի` Ավստրիա այցի նախօրեին ընդդիմադիր բանտարկված գործիչ, «REAL» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը բաց նամակով դիմել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերին, գրում է contact.az-ը:
Մամեդովը հիշեցնում է, որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը` ավստրիացի պատգամավոր Վոլֆգանգ Գրոսրուկի գլխավորությամբ, 2010թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամոթալի փորձ էր կատարել թաքցնել տեղ գտած կեղծիքները:
Մամեդովը գրում է, թե Nabucco ռազմավարական գազատարի եվրաատլանտյան գործընկերները սպասում են Իլհամ Ալիեւի կարեւոր որոշմանը մայիսին կայանալիք այցի ընթացքում, իսկ Բաքվում հունիսին սպասում են ԵՄ հանձնակատար ԳյունտերՕտտինգերի այցին: «Այդ ֆոնին Ալիեւը որոշեց բանտ նետել նախագահական ընտրությունններում իր մրցակցին»,- գրել է Մամեդովը` հավելելով, որ Ալիեւը եվրոպական պալատներում ընդունելություններն օգտագործում է իր ընդդիմախոսների դեմ բռնաճնշումներ իրականացնելու նպատակով: «Պարոն նախագահ, ես սպասում եմ Ձեր հուսադրող գործողություններին Ալիեւի այցի կապակցությամբ: Մենք չպետք է քաղաքական բացասական լեքսիկոնը հարստացնենք «Nabucco-ի գերի» հասկացությամբ»,- նշել է նա:
Մամեդովը ձերբակալվել էր փետրվարի 4-ին Իսմայիլիի դեպքերից հետո եւ նրան լուրջ մեղադրանքներ են առաջադրվել:




























